Հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք. Արծրուն Հովհաննիսյան
Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այն ինչ կատարվում է սահմանին, պատերազմ է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ես կխնդրեմ, որ ձեր ընդհանուր գրական տերմինաբանության մեջ օգտագործեք «պատերազմ» բառը և չօգտագործեք «հրադադարի խախտում» բառակապակցությունը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք: Ինչ մնում է մեր գործողությունների տրամաբանությանը, դուք շատ լավ հասկանում եք, և ես ամեն անգամ չեմ կարող փակագծերը բացել, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում», -հավելեց Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ, հակառակորդն իր առջև լուրջ խնդիրներ է դրել ու փորձում է դրանք ի կատար ածել:
«Ի՞նչ է, կարծում եք հակառակորդը այդքան տանկերը բերում է առաջնագիծ, որպեսզի կրակի մեկ կամ երկու զինվորի ուղղությամբ ու ծափ տա՞: Իհարկե` ոչ: Հակառակորդն իր առջև շատ ավելի լուրջ խնդիրներ է դնում, ուղղակի ոչ մի անգամ չի ստացվում», -հավելեց ՊՆ խոսնակը: