Ժամանակն է անցնել տնտեսական այլ քաղաքականության. Վահագն Խաչատրյան
Բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա խնդիրների լուծումը, ցավոք սրտի, տնտեսական դաշտում չէ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Հայաստանի տնտեսությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում. տարեվերջյան դիտարկումներ» թեմայով ասուլիսում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյան:
«Ուժեղ իշխանություն է պետք, որ քաղաքական կամք ունենա, որպեսզի այնպիսի միջոցառումներ իրականացնի, որի արդյունքում ոչ թե մարդիկ այստեղից փախնեն, այլ բիզնեսը բացելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունենան: Սա քաղաքական քայլեր է պահանջում և ոչ թե տնտեսական»,-նշեց Վ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այս քաղաքական համակարգն իր ամբողջ տրամաբանության մեջ միտված է նրան, որ ընդդիմություն չլինի ընդհանրապես, ոչ միայն քաղաքական դաշտում, այլ ընդդիմության տնտեսական դաշտում, հասարակության մեջ:
«Օրինակ՝ ինչո՞ւ է աղքատների, ընչազուրկների թիվն աճում, ՓՄՁ-ների խնդիրն ինչո՞ւ չի լուծվում: Այսօր նմանատիպ իշխանությանը հարկավոր է այնպիսի հասարակություն, որտեղ պայքարող չլինի, որտեղ բոլորը ենթարկվեն, միայն իրենց սոցիալական հարցերով զբաղվեն, իսկ քաղաքական, տնտեսական հարցերով չզբաղվեն»,- ասաց տնտեսագետը:
Սակայն, ըստ Վ.Խաչատրյանի, սա աշխատում էր այնքան ժամանակ, քանի դեռ կային դրսից եկող տրանսֆերտները, որոնք հասնում էին մոտ 2 միլիարդի: «Քանի դեռ արտահանման հետ կապված ծայրահեղ խնդիրներ չէր առաջացել, գումարը գալիս էր, ներմուծում կար, ակտիվություն կար և դիվերսիֆիկացման մասին անհանգստություն չի եղել, սակայն այս մոդելն արդեն սպառված է: Գործում էր ներկրումների վրա հիմնված մոդել, որն աշխատատեղ չի ստեղծում, միայն ապրանք են ծախսում, այսպիսի մոդելը սպառելու էր իրեն: Կոնկրետ քայլեր են հարկավոր, որոնք չեն արվել երբևիցե»,- նշեց Վ.Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ պետք է ասել, որ այստեղ տապալվել ենք ու ժամանակն է անցնել տնտեսական այլ քաղաքականության:
Վահագն Խաչատրյանը նշեց նաև, որ 2016թ.-ի ընդունված բյուջեով էլ ինքն այդ հեռանկարը չի տեսնում:
«Ես չեմ տեսնում՝ ինչ է ուզում անի կառավարությունն այս բյուջեով, չեմ տեսնում այն ծրագիրը, որը կհանգստացնի և 2016թ.-ին 2 տոկոս աճ կլինի, իսկ 2017թ-ին՝ 5 տոկոս աճ»,- ընդգծեց տնտեսագետը: