Սեյրան Նիկողոսյան. «Կարծում եմ՝ 3 հրաձիգ կունենանք Օլիմպիական խաղերում»
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է 2015 թվականը, խոսել բացթողումների, առաջիկա պլանների և հնարավոր օլիմպիական ուղեգրերի մասին:
- Ամփոփեք, խնդրեմ, 2015 թվականը:
- 2015 թվականը սկսել ենք լավ արդյունքներով: Ուսումնամարզական հավաք անցկացրեցինք հենց տարեսկզբին: Մեր պատանիները մասնակցել են Մյունխենում կայացած միջազգային մրցաշարի, որտեղ իրենց համար բավական բարձր արդյունքներ են գրանցել: Շատերը զարմացան, թե ինչպիսի աճ է գրանցել հայկական հրաձգությունը: Հրաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 17-րդ տեղը, որը վատ արդյունք չէ, այնուհետև Եվրոպայի ռեկորդ սահմանեց Բաքվի Եվրոպական խաղերում: Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն վազող թիրախ վարժությունում: Ընդհանուր առմամբ, լավ արդյունք են գրանցել: Արդեն պարզ է, որ 2016 թվականին պետք է ավելի մեծ արդյունքների ձգտենք:
- Եվրոպական խաղերում Հրաչիկ Բաբայանը երկար ժամանակ առաջատարն էր և մեկ կրակոցով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ի՞նչը խանգարեց:
- Նա դեռ պատանի է և մեծահասակների հետ մրցելու մեծ փորձ չուներ: Ինչ-որ տեղ նաև որոշիչ էր այն, որ Եվրոպական խաղերը Բաքվում էին անցկացվում:
- Հրաձգությունը, որպես հենակետային մարզաձև, դեռևս չունի օլիմպիական ուղեգիր: Ինչո՞ւ:
- Օլիմպիական վարկանշային երկու մրցաշարն էլ Բաքվում էին: Մեկը` Եվրոպական խաղերն էին, որին ամբողջ ներուժով չենք մասնակցել, իսկ երկրորդը՝ Գաբալայում կայացավ աշխարհի գավաթի խաղարկությունը, որին հասկանալի պատճառներով մենք չենք մասնակցել:
- Իսկ ե՞րբ կարող ենք պայքարել ուղեգրերի համար:
- Փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ: Առաջին անգամ Հայաստանի հավաքականը կունենա 16 մասնակից՝ 2 մարզիչ և 14 մարզիկ: Հիմնականում մասնակցելու ենք ատրճանակ, հրացան վազող թիրախ ձևերին: Ժամանակին բավական բարդ էր աղջիկների մասնակցությունը, իսկ հիմա պատկերը փոխվել է:
- Օլիմպիական քանի՞ ուղեգրի հույս ունեք, և եթե իրատես լինենք՝ քանի՞սը կունենանք:
- Հավանականություն կա, որ մոտ 6 մարզիկ կարող է մասնակցել, բայց կարծում եմ` 3 հրաձիգ կունենանք Օլիմպիական խաղերում:
- Ի՞նչ մրցաշարով կմեկնարկեք 2016 թվականին:
- Հունվարին կմասնակցենք Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի, որը մենք մեր մեջ անվանում ենք աշխարհի փոքր առաջնություն: Աշխարհի գրեթե բոլոր երկրներից մասնակիցներ կան: Հենց այդտեղ ուժեղագույն թիմերը ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին: Մենք Մյունխեն կմեկնենք 8 մարզիկով և երկու մարզիչով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան