ՀԱՊԿ հետ փոխգործակցությունը կմնա այնպես, ինչպես որ կա. քաղաքագետ
Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային իրավիճակում և հրադադարի խախտումներում նոր բան չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հրադադարի խախտման աճը, նոր զինատեսակների կիրառումը նորություն չէ, վերջին մի քանի տարին միշտ այդպես է եղել, պարզապես այս անգամ դա ակնհայտ կապված էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ ադրբեջանցիների մոտ կա ազգային կարիք՝ այդ իրավիճակը պահպանելու, որը գալիս է լուրջ տնտեսական ճգնաժամից:
Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, Իսկանդարյանը նշեց երկու փաստ. «Գլխավորը հենց բուն հանդիպումն է և այն, որ Մինսկի խմբի գործընթացը կշարունակվի»:
Քաղաքագետը նկատեց, որ այդ հանդիպումից այլ բան պետք չէր սպասել:
Անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին՝ Կովկաս ինստիտուտի տնօրեն ասաց, որ ՀԱՊԿ-ի գործունեությունից որևէ փոփոխություն սահմանային իրավիճակի հետ կապված պետք չէ ակնկալել և փոխգործակցությունը կմնա այնպես, ինչպես որ կա: