Խոսրով Հարությունյան. Ադրբեջանի այս պահվածքը հովանավորվում է թուրքական ղեկավարության կողմից
1994թ.-ի օգոստոսից ադրբեջանական կողմը հետևողականորեն սրում է լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա: Ադրբեջանի վերջին ամիսների պահվածքը սահմանային լարումների և տանկերի, հեռահար հարձակողական զինատեսակների օգտագործումը չէր կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից: Թեպետ վերջին հանդիպումից որևէ կողմ որևէ ասելիք չուներ, այդ թվում և համանախագահողները, սակայն նման հանդիպումները անշուշտ նպաստում են գոնե քաղաքական խաղաղ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում պահելու և ադրբեջանական կողմի վրա ազդեցություն գործելու համար: Ժամանակը ցույց կտա, թե որքանով այն հաջողվեց: «Panorama.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ադրբեջանի պահվածքը աշխարհաքաղաքական այսօրվա իրադրության մեջ Հարությունյանն անվանեց արկածախնդրություն, իսկ գործողությունները բնորոշեց պետական ահաբեկչություն:
«Ադրբեջանը ահաբեկչությունը որդեգրել է որպես պետական քաղաքականություն: Նա այդկերպ ահաբեկում է և՛ տարածաշրջանը, և՛ միջազգային հանրությանը: Մի բան ակնհայտ է, որ այլևս միջազգային հանրությունն, ի դեմս ԱՄՆ-ի և նրա կոնգրեսականների բացարձակապես մտադիր չեն հաշտվելու այն սանձարձակ քաղաքականության ու վարքագծի հետ, որը դրսևորում է Ադրբեջանի քաքաղաքական ղեկավարությունը տարածաշրջանում, ընդ որում վտանգելով տարածաշրջանի ժողովրդի ապագան»,- նշեց նա:
Պատգամավորի կարծիքով, Ադրբեջանի այս պահվածքը հովանավորներ ունի և համոզմունք հայտնեց, որ այն ղեկավարվում է թուրքական ղեկավարության կողմից: Որպես ասվածի ապացույց Հարությունյանը հիշեցրեց, որ ռուս-թուրքական լարվածությունը ծագելուն պես Թուրքիայի վարչապետը մեկնեց Բաքու:
«Համոզված եմ, որ այնտեղ իջեցվել են կոնկրետ հրահանգներ՝ տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի սրելու մասին: Մենք բոլորս ականատես ենք պետականորեն ահաբեկչական քաղաքականության իրականացման կոնկրետ դրսևորումների: Այլ կերպ, քան ահաբեկչություն Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը չենք անվանի»,- նշեց նա և հավելեց, որ պատահականություն չեն ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև պետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագծերի վերաբերյալ քննարկումները:
Հարությունյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Ադրբեջանի կողմից քաղաքական ողջամտությունը գերակա կլինի:
«Միակ քայլը, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է այսօր կատարել ապացուցելու համար, որ ինքը չի հակադրվում միջազգային հանրությանը և գլոբալ անվտանգության քաղաքականությանը, հետևյալն է՝ համաձայնել համանախագահողների առաջարկին, կապված միջադեպերի վերաբերյալ հետաքննությունների գործուն մեխանիզմների հաստատման և դիպուկահարների հետքաշման հետ: Սրանք այն պարզ քայլերն են, որոնք հարկավոր են անել, որպեսզի համոզել միջազգային հանրությանը, որ ըստ էության նրանք պատրաստակամ են գնալ խաղաղ բանակցային գործընթացի ճանապարհով, այլապես ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքով խաղաղ բանակցային գործընթացի վրա ազդումը այլևս ապագա չունի»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ մենք բանակցություններին գնում ենք հավատարիմ մնալով թե համանախագահողների կողմից հռչակած սկզբունքներին, թե մեր կողմից հռչակած սկզբունքներին, այն է՝ նպաստել հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարեց նաև մեր արտգործնախարարը:
Հարությունյանը հույս հայտնեց, որ իրավիճակը դուրս չի գա կառավարելիության սահմաններից:
«Համանախագահների հայտարարության մեջ անուղղակի հարցադրումներ կան, այսինքն միջազգային հանրությունն էլ է սկսում հասկանալ, որ այլևս կողմերին տրված հորդորները իենց արդյունքը չեն տալիս: Ժամանակն է որպեսզի իրերն իրենց անունով անվանվի»,- եզրափակեց Հարությունյանը: