Ռուբեն Բաբայան. Շարունակում ենք ապրել նույն ստանդարտներով, բայց ուզում ենք ունենալ նոր կյանք
Անցնող տարում մենք կորցրեցինք այն, ինչ չունեինք: Վստահության, հավատի պակաս մենք մշտապես զգում ենք մեր կյանքում: Ասել, որ մենք ինչ-որ չափով կորցրեցինքն հավատ, այնքան էլ ճիշտ չէ:
Լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարվա կորցրածն ու ձեռքբերումները նման կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Կային շատ կարևոր ձեռքբերումներ: Մենք տեսանք հասարակական ակտիվ կյանք, մենք տեսանք այդ ակտիվ կյանքում ներգրավված երիտասարդներ: Անկեղծ ասած, մի քիչ կողքից եմ նայում, բայց այդ հանրահավաքների տարբերությունը զգում եմ զուտ վիզուալ: Կան հանրահավաքներ, որտեղ տեսնում ես երիտասարդների, հասկանում ես, որ այն ուղղված է ապագային: Եվ կան հանրահավաքներ, որտեղ տեսնում ես միայն թոշակառուներին, հասկանում ես, որ այն ուղղված է անցյալին, սա ապագա չունի»,-ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով, հասարակությունում հիմա հետաքրքիր բան է տեղի ունենում, հասարակությունը մեծ տեղ է տալիս սեփական իրավունքներին:
«Ավելի շատ է գիտակցում իրեն որպես երկրի տեր, ավելի շատ է ընկալում իշխանությանը կամ ընդդիմությանը որպես ներկա կամ ապագա կառավարիչներ, այլ ոչ թե տերեր, որոնք կգան ու մեզ կիշխեն: Սա շատ կարևոր է, եթե նման փոփոխություն տեղի է ունենում մտածողության մեջ, դա նշանակում է, որ կփոխվի կյանքը: Մենք հաճախակի պահանջում ենք, որ փոխվի մեր կյանքը, բայց բացարձակապես չենք փորձում փոխել մեր մտածողությունը, շարունակում ենք ապրել նույն ստանդարտներով, բայց ուզում ենք ունենալ նոր կյանք: Այդպես չի լինի: Թատրոնում էլ է այդպես»,-նշեց նա:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով, 10-15 տարի առաջ ցուցադրված ներկայացումն այսօր արդեն հետաքրքիր չէ:
Բաբայանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում: