Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015թ. հրաշալի տարի է եղել. Բագրատ Ենգիբարյան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ նախագահի նստավայրում հանրապետության ղեկավարի անունից ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
Ընդունելությունից հետո Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2015 թվականը հրաշալի տարի է եղել. ոլորտն արձանագրել է 20 տոկոս աճ:
Նրա խոսքերով՝ հատկանշական է այն հանգամանքը, որ ոլորտում 60 նորաստեղծ կազմակերպություններ են ձևավորվել:
«Այս տարին հատկանշական էր նաև այն առումով, որ Հայաստանը գրվեց աշխարհի քարտեզի վրա: Գիտեք՝ մի շարք հայկական արտադրանքներ, լուծումներ, որոնք համարվում են լավագույններն աշխարհում: Ինչպես այսօր նշել է նաև հանրապետության Նախագահը, մասնավոր հատվածի դերը շատ կարևոր է երկրի ընդհանուր տնտեսության զարգացման համար»,- ասաց Բ.Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է ողջ տնտեսության շարժիչ ուժը, որը նաև ապագայում լինելու է Հայաստանի մրցակցային առավելությունը:
«2016թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համար կլինի մասշտաբային ծրագրերի տարի: Այդ ծրագրերը իրականացվելու են պետություն-մասնավոր համագործակցության սկբունքի հիման վրա: Ինչպես նշել է հանրապետության նախագահը՝ պետությունն այս նախագծերում իր լուրջ մասնակցությունը կունենա, քանի որ հավասարակշռված երկարաժամկետ քայլերով մենք կարող ենք արձանագրել ավելի ու ավելի մեծ հաջողություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Բագրատ Ենգիբարյանը: