Շիրակ Թորոսյան. Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի իր խնդիրները լուծում է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի դիտարկմամբ, նախագահի ելույթում հնչեցին մտքեր որոնք իսկապես և՛ մեզ են հուզում, և՛ պետք է հուզեն ՀԱՊԿ-ի անդամ երկրներին:
«Նախագահի ելույթը շատ տրամաբանված էր, կուռ, բովանդակային և շատ հաջողված: Ելույթը մի քանի հիմնական շեշտադրումներ ուներ, որոնք շատ կարևոր էին, և որոնք, կարելի է ասել, առաջին անգամ էին բարձրաձայնվում ՀԱՊԿ-ի հրապարակային այդ ձևաչափի մեջ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Քանի որ այդ կառույցը հստակ պայմանավորվածություն է անդամ երկրների անվտանգության պահպանման, ապահովման, երաշխավորման համար»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ այսօր թերևս այդ առումով, որ խնդիր ունի միակ երկիրը ՀԱՊԿ անդամ երկրների մեջ Հայաստանն է, որի սահմանները անընդհատ գնդակոծվում են ադրբեջանական ագրեսորների կողմից պատճառելով ավերածություններ զոհեր ու վիրավորներ խաղաղ քաղաքացիական բնակչությունից, ինչպես նաև սահմանապահներից:
Թորոսյանն ընդգծեց, որ եթե այդ կառույցը իր դերին և նշանակությանը համարժեք լուծումներ չի ձեռնարկում իր դաշնակցի խնդիրների հետ կապված, ապա կառույցը կարող է և իմաստազրկվել՝ կորցնելով իր նշանակությունը:
«Մենք այստեղ կորցնելու բան չունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի իր խնդիրները լուծում է: Ոչ մի երկիր այդ թվում՝ Ադրբեջանը չի կարող մեզ համար կործանարար սպառնալիք հանդիսանալ: Այո՛, կան խնդիրներ, վտանգներ, զոհեր, կորուստներ ենք ունենում, բայց մենք վախենալու և սարսափելու խնդիր չունենք և մենք մեր հարցերը լուծում ենք մեր ուժերով և ամենակարևորը՝ պատվով»,- նշեց պատգամավորը:
Թորոսյանի կարծիքով, այստեղ խնդիրը կառույցի բովանդակային շարունակականության մեջ է՝ իմաստ ունի կառույցը, թե՞ ոչ:
«Եթե իմաստ ունի, ապա ինչու կառույցի մյուս անդամները հատկապես Միջինասիական անդամ երկրները և Բելառուսը չեն արձագանքում Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների կապակցությամբ: Եթե կառույցը բովանդակություն ու նշանակություն ունի ապա պետք է այն ըստ էության, պատշաճ և ժամանակին գործի՝ արձագանքի, դիտողություն անի»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այս առումով նախագահի ելույթում շեշտադրումները դիպուկ էին, բովանդակային, բարձրացրած խնդիրները կարևոր և առաջնային:
«Կարծում եմ, որ նախագահի ելույթից հետո ՀԱՊԿ անդամ մյուս երկրները հետևություններ կանեն»,- եզրափակեց Շիրակ Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան