Ստամբուլ-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել
Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսն այսօր առավոտյան ժամը 03:20-ին վթարի է ենթարկվել զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Ուղևորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ:
Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչև այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, և բոլոր ուղևորները կտեղափոխվեն Հայաստան: