Բլատտեր. «Ես ավարտեցի իմ աշխատանքը ՖԻՖԱ-ում»
Ֆուտբոլային գործունեության իրավունքից զրկված ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը նշել է, որ ֆուտբոլի աշխարհում իր ժամանակն արդեն ավարտվում է:
«Ես ավարտեցի իմ աշխատանքը ֆուտբոլում,- հայտարարել է ֆուտբոլային պաշտոնյան «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում:- Կազմակերպության հանդեպ հավատս կորցրեցի մայիսի 27-ին, երբ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները միջամտեցին մեր գործերին: Այդ օրը ՖԻՖԱ-ն ներկայացվեց որպես մաֆիոզ կառույց:
Համաշխարհային ֆուտբոլային մարմնում անցկացրել եմ 40 տարի: Անցյալի մասին խոսակցություններն ինձ չեն անհանգստացնում, քանզի անցյալն ինձ համար ավելի լուսավոր է, քան ապագան»:
Շվեյցարացին մեկնաբանել է նաև իրեն 8 տարով որակազրկելու վերաբերյալ որոշումը:
«Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ ինչ-որ մեկին 8 տարով դատապարտելու համար մարդը պետք է սպանություն գործի կամ բանկ թալանի»,- նշել է Բլատտերը: