Դիվանագիտական կորպուսում խոշոր փոփոխություններ են նախատեսվում. «Հրապարակ»
Փետրվարի 1-ից ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը ստանձնող Տիգրան Սարգսյանին նախատեսվածից շուտ են հրավիրել Մոսկվա, որպեսզի հանդիպի անդամ պետությունների նախագահներին և ներկայացնի իր առաջիկա ծրագրերը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Հատկանշական է, որ ՀԱՊԿ նիստում նախագահները որոշել են երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքային պայմանագրի ժամկետը ևս 1 տարի, սակայն ԵՏՄ «վարչապետ» Վիկտոր Խրիստենկոյի պաշտոնավարումը, որին փոխարինելու է Տիգրան Սարգսյանը, ոչ: Վերջինիս Մոսկվա տեղափոխվելու կապակցությամբ փոխվելու է ոչ միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, այլև խոշոր փոփոխություններ են նախատեսվում ողջ դիվանագիտական կորպուսում: Դա պայմանավորված է առաջին հերթին Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաև դեսպանների պաշտոնավարման ցիկլի ավարտով: Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ»,-հավելել է թերթը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, դեսպանները փոխվելու են ասիական ուղղությամբ՝ Չինաստան, Սինգապուր, Մոնղոլիա, նաև Բուլղարիա, բալթյան երկրներ և Կենտրոնական Եվրոպա։ Գլխավորը, բնականաբար, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հարցն է։ Արդեն հայտնի է, որ այնտեղ նշանակվելու է Մեքսիկայում դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Մեքսիկա կտեղափոխվի Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Հիմնականում ոչ թե նոր մարդիկ կնշանակվեն, այլ տեղի կունենան ռոտացիաներ։ Որոշ դեսպանների փոխարեն կնշանակվեն ԱԳՆ գործող պաշտոնյաներ, ԱԳ նախարարի տեղակալներ: Չեն բացառվում փոփոխություններ նաև ԱՊՀ և ԵՏՄ անդամ երկրների դեսպանների պաշտոններում: