Մեր երկրի իշխանություններին մնում է ապահովել խաղաղություն, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն. Միսակ Բալասանյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո «Գյումրի» գարեջրի և «Սևան» հանքային ջրերի գործարանների սեփականատեր Միսակ Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ 2015թ.-ին երկու նոր գործարան է բացել և առաջիկայում էլ լավատեսորեն է տրամադրված իր բիզնեսի առաջընթացի հարցում:
Նրա խոսքերով՝ այս տարի բացել են «Սևան» հանքային ջրերի գործարանը և հրուշակեղենի ֆաբրիկա՝ ստեղծելով մոտավորապես 200 նոր աշխատատեղ:
«Եթե խոսենք «Սևան» հանքային ջրերի գործարանի մասին, ապա կարող եմ ասել, որ արտահանման տեսանկյունից դժգոհություններ չունեմ, որովհետև գործարանը նոր է բացվել, արտադրանքը նոր է, ուստի գոհ եմ արտահանման ծավալներից: Հանքային ջրեր հիմնականում արտահանել ենք Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ երկրներ»,- նշեց Միսակ Բալասանյանը:
Ինչ վերաբերում է «Գյումրի» գարեջրի արտահանման ծավալներին, ապա, ըստ նրա, դրանք անցած տարվա համեմատ նույնն են մնացել:
«Խնդիրը ոչ թե այն էր, որ չենք կարողացել արտահանել, այլ մենք էլ շահագրգռված չենք եղել ավելացնել արտահանման ծավալները, քանի որ ռուբլու փոխարժեքի հետ կապված ռիսկեր կային»,- ասաց Մ. Բալասանյանը:
Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարին ավելի բարենպաստ կլինի իրենց համար, միաժամանակ նշեց, որ ամեն ինչ կախված է նաև գործարարից:
«Գործարարը պետք է անի ամեն ինչ, որպեսզի իր ապրանքը նոր շուկաներ գրավի: Այսօր Նախագահն էլ ասաց, որ մեր խոշոր բիզնեսն արդեն որոշակի չափով իր շուկաները գրավել է և նոր շուկաներ մտնելու խնդիր ունի: Այս իմաստով, մեր երկրի իշխանություններին մնում է ապահովել խաղաղություն, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն»,- նշեց նա: