Ցմահ դատապարտյալներին հուզող խնդիրները՝ խորհրդարանային լսումներում
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հետ:
«Պարոն Օսիկյանի հետ հանդիպեցինք ցմահ դատապարտյալների հետ, խոսեցինք, քննարկեցինք ու հիմա փորձենք ի մի բերել, կառավարության հետ հասկանալ` ինչ կարելի է անել», -հանդիպումից հետո Panorama.am-ին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորի ներկայացմամբ, հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց մասով քրեական գործերը, ուսումնասիրել նոր երևան եկած հանգամանքները, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցում հետևողական լինել:
Սահակյանն ասաց, որ ցմահ դատապարտյալներին հուզող խնդիրների վերաբերյալ խորհրդարանում լսումներ, քննարկումներ հնարավոր է կազմակերպել:
«Որպես առաջին քայլ տեսակցությունների ժամանակը և այն, որ թույլ տան երկու չափահաս հարազատներ այցելեն իրենց: Հիմա թույլատրվում է միայն մեկ չափահաս ազգականի այցելություն: Օրենսդրության մեջ փոփոխություն կարվի, որ մերձավոր հարազատների վրա այդ սահմանափակումը չտարածվի: Ռեժիմների հարցը պետք է լուծվի` փակ ռեժիմից, կիսափակ կամ բաց: Նման մի նախագիծ կա Ազգային ժողովի օրակարգում և պետք է այնպես անենք, որ շատ արագ լրամշակվի, վերանայվի ու արագ դրվի շրջանառության մեջ: Մենք նրանց հորդորեցինք դուրս գալ հացադուլից, և նրանց ձայնը լսելի է դարձել», -ներկայացրեց Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորն ու Օսիկյանը ցմահ դատապարտյալների հետ անցկացրել եմ մեկ ժամից ավելի, և հանդիպումն անցել է «ջերմ մթնոլորտում»:
«Ձմեռային արձակուրդներից հետո Ազգային ժողովում նոր քայլեր կկատարվեն այդ հարցի ուղղությամբ», -հավելեց պատգամավորը: