Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության նպաստավոր հիմքեր է ստեղծվում. Վրաստանի փոխվարչապետ
Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Այս մասին նշել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն՝ ՀՀ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին:
Քալաձեի խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ընթացիկ տարում երկու երկրների կառավարությունների արդյունավետ համագործակցությունը նոր թափ է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, և այսօր տարբեր ոլորտներում հաջող իրագործվում են մի շարք համատեղ ծրագրեր:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը: