Անցնող տարում շոշափելի քայլեր են իրականացվել հայ-իրանական ծրագրերի իրականացման ուղղությամբ. Իրանի էներգետիկայի նախարար
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցից հետո ակտիվորեն շարունակվում են համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդունելով Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Հայտնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ վարչապետը կարևորել է Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, գործարար կապերի զարգացումն ու բիզնես ֆորումների անցկացումը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստն ու ստորագրված հուշագիրն՝ ուղղված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցնող տարում շոշափելի քայլեր են իրականացվել հայ-իրանական ծրագրերի իրականացման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն ու կապերը կնպաստեն բոլոր նախագծերի արդյունավետ և հաջող իրականացմանը, ինչպես նաև տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Համիդ Չիթչիանը կարևորել է Երևանում ՀՀ-ի, Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի միջև ստորագրված էներգետիկ համագործակցության քառակողմ հուշագիրը, որը լայն հնարավորություններ կստեղծի էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացման համար, կապահովի տնտեսական շահութաբերություն, կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանն ու տարանցմանը: