«Անձի խնդիր չկա»
«Մշակույթի նախարարությունն իրավասություններ չունի իրեն ենթակա ՊՈԱԿ-ներում ստեղծագործական առումով միջամտության անել: Նախարարությունը որպես պետական կառույց ազդում է քաղաքականության վրա միայն իր ֆինանսավորումով կամ պետական պատվերով»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ե՞ք գնահատում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունը, մասնավորապես գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատումը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը:
«Գեղամ Գրիգորյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ով ունի թատրոնի ստեղծագործական առումով զարգացման իր տեսլականը: Գտնում եմ, որ պետք է հնարավորություն տալ թատրոնի ստեղծագործական կազմին գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ իրականացնել իրենց ծրագրերը: Օրենքով սահմանված կարգով կառուցվածքային փոփոխություններն արվել են: Գեղամ Գրիգորյանն ունի որոշակի մոտեցումներ հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ներկայացումներ բեմադրել, զարկ տալու ստեղծագործական գործունեությանը»,- ասաց փոխնախարարը:
Արթուր Պողոսյանի խոսքով, անձի խնդիր չկա:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե գլխավոր դիրիժորի հաստիքը կոնկրետ անձի համար է, նա նշեց. «Գիտեմ այդ խոսակցությունները, չեմ ուզում մեկնաբանել, անլուրջ եմ համարում: Եթե չկա գլխավոր դիրիժորի հաստիք, ինչպե՞ս կարող են ասել այս կամ այն մարդն էլ լինելու գլխավոր դիրիժոր»:
Նշենք, որ 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ