Մենք չպետք է թուլանանք. Վահան Արծրունի
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու բեմական գործունեության 30-ամյակին և ծննդյան 50-րդ տարեդարձին նվիրված «Հինգ համերգ՝ հինգ գեղագիտություն» խորագրով համերգաշարի վերջին համերգը՝ սիմֆո-ռոք ժանրում, կայանալու է դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Եզրափակիչ համերգն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի հրավերով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Արծրունին:
Այդ օրը բեմում կլինեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար ու խմբավար` Կարինե Եզեկականյան), մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող` ՀՀ վասնակավոր արտիստ), Հասմիկ Բաղդասարյանը (երգուհի), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածային գործիքներ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ) և, իհարկե. Վահան Արծրունին: Երեկոյի առաջին բաժնում կկատարվեն ստեղծագործություններ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա և Մաշտոցյան շարականի մեկնություններ, իսկ երկրորդ մասում՝ գործիքային ստեղծագործություններ, երգեր՝ Վահան Արծրունու և Ռազմիկ Դավոյանի խոսքերով:
Նշենք, որ համերգաշարի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 11-ին Կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության համերգով: Համերգաշարն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ամփոփելով 2015 թվականը, Վահան Արծրունին ասաց. «Տարին տարերային բնույթ ուներ, ներքին կյանքում տեղի ունեցան հսկայական քանակի իրադարձություններ, տարվա վերջին միջազգային իրարանցումը: Այս ամենն, իհարկե, իր անդրադարձը դեռ պետք է ունենա: Այս ամենը մեզ մտահոգում է, բայց մենք չպետք է թուլանանք»:
Վահան Արծրունին ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: 1983-91թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1995թ. եղել է Հայաստանի պետական կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները: Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն), հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գրում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։ Վահան Արծրունին հայտնի է է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում` հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան