Այս պահի դրությամբ որևէ չարաշահման դեպք չենք հայտնաբերել. Արտակ Շաբոյան
Մեր գերատեսչությունը գների կարգավորմամբ և գների վերահսկմամբ չի զբաղվում, այդուհանդերձ գնագոյացման խնդիրները գտնվում են մեր տեսադաշտում այնքանով, որքանով որ մեր տեսադաշտում են գտնվում այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքերով, որպեսզի պահանջարկի աշխուժացման արդյունքում այնպես չստացվի, որ խոշոր ընկերություններն առիթից օգտվեն և հակամրցակցային գործողությունների արդյունքում գնային չարաշահումներ իրականացնեն, այդ իսկ պատճառով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Ամանորի նախաշեմին ուժեղացված հսկողություն են իրականացնում: «Հսկողությունը հատկապես իրականացվում է սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում, ինչպես նաև այն շուկաներում, որտեղ գործունեություն են ծավալում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանն ասաց, որ Հանձնաժողովի աշխատակիցները գրեթե ամենօրյա կտրվածքով դիտանցումներ են անցկացնում մի քանի խոշոր սուպերմարկերտներում, որոնք ևս համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ: Բացի այդ, իրենք խոշոր ընկերություններից երկու օրը մեկ տեղեկատվություն են ստանում նրանց գնային քաղաքականության, ծախսերի վերաբերյալ: «Այս պահի դրությամբ որևէ չարաշահման դեպք չկա հայտնաբերված, իսկ մնացած ուսումնասիրությունները ընթացքի մեջ են»,- վստահեցրեց Ա.Շաբոյանը:
Ամեն դեպքում, անդրադառնալով ապրանքների ընդհանուր առմամբ թանկացմանը, նա նշեց, որ գնային փոփոխությունները դեռևս հակամրցակցային գործողությունների հետևանք չեն:
«Գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ և ազատ շուկայական պայմաններում գները տարբեր խանութներում կարող են փոխվել: Մենք այս պահին չարաշահման երևույթներ դեռևս չենք նկատել»,- ասաց Արտակ Շաբոյանը: