Այս տարի սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի
«Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից բխող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը մեր համակարգի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է։ Այն ոչ միայն նվազեցնում է մահացության, այլև հաշմանդամության ցուցանիշները»,-լրագրողների հետ հանդիպմանը` ամփոփելով ծրագիրն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։
Նրա խոսքերով՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հիմքում ընկած է առողջապահական հիմնական ցուցանիշների վերլուծությունը և ոլորտում ներկայումս առկա խնդիրների ու մարտահրավերների ուսումնասիրությունը:
«Հայաստանում ընդհանուր մահացության 48 տոկոսը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Առավել մտահոգիչ է, որ տարեցտարի ավելանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը»,-ասաց սրտաբանը:
Նա նշեց, ոչ պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա:
Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում, 9-ը` Երևանում, 2–ը` մարզերում:
Համլետ Հայրապետյանն ասաց, որ ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500մլն դրամով:
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015թ. 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են: Բանախոսը ներկայացրեց, որ մահացության 3.2% ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։
Համլետ Հայրապետյանը նաև նշեց, որ հիվանդն իրավունք ունի հրաժարվելու պետության կողմից երաշխավորված ոչ դեղապատ ստենտի տեղադրումից և նախընտրել դեղապատ ստենտ` վճարովի հիմունքներով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան