Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը բարեգործական համերգ է տալու «Իզմիրլյան» ԲԿ-ում
Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը, որը պարբերաբար բարեգործական ակցիաներ է իրականացնում, դեկտեմբերի 24-ին համերգային ծրագրով հանդես է գալու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Panorama.am-ին տեղեկացրեց քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանը:
«Համերգը բժշկական կենտրոնում կազմակերպվում է հենց մեր նախաձեռնությամբ: Դժվար է բացատրել՝ ինչու, բայց հաշվի է առնվել նաև անձնական ծանոթությունը և հարգանքը բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հանդեպ»,- ասաց նա:
Ամանորյա համերգն անցկացվելու է ԲԿ-ի հիվանդների և բժիշկների համար «Իզմիրլյան» կենտրոնի համերգասրահում: Համերգին հնչելու է արևմտաեվրոպական և հայկական դասական երաժշտություն:
Միրզոյան քառյակի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, որի հետ քառյակը օրերս համագործակցության երրորդ պայմանագիրն է կնքել:
«Համատեղ աշխատանքի երրորդ սեզոնը կրկին խոստանում է հագեցած լինել բարեգործական նախագծերով»,- նշեց Ս.Ազարյանը:
Նշենք, որ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը ստեղծվել է 2013 թվականի ապրիլին: Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ս.Ազարյանն ասել էր, որ քառյակի ծրագրերից մեկն ուղղված է հենց բարեգործությանը: