Ամերիկայի Հայկական Համագումար. «ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղին կշարունակվի»
Դեկտեմբերի 23-ին ադրբեջանական մամուլում՝ Trend գործակալության վրա հղումով ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված եւ Նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ դեկտեմբերի 18-ից ուժի մեջ մտած 2016թ բյուջեում Միացյալ Նահանգները իբր «հրաժարվել է ֆինանսական օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին»:
Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայն Արդունիի խոսքով, սա պարզապես «կեղծիք է»:
Դեկտեմբերի 24-ին տարածված հայտարարության մեջ Արդունին, մասնավորապես, ասել է. «Մամուլում եղել են ոչ ճիշտ հրապարակումներ այն մասին, որ 2016թ ֆինանսական տարվա բյուջեից հեռացվել է ԱՄՆ ուղղակի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին: Դա կեղծիք է: Ամերիկայի Հայկական Համագումարը ուրախ է հայտնել, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Լեռնային Ղարաբաղին շարունակվելու է այնպես, ինչպես դա եղել է ամեն տարի: Համագումարը շնորհակալություն է հայտնում Կոնգրեսին այս հարցին հետամուտ լինելու եւ տարածաշրջանում Ամերկայի դաշնակիցներ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին այլ կարգի խիստ անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու համար», - հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայն Արդունին: