«Մենք չենք վախենում». Տավուշցի դպրոցականներ
«Կրակոցներ միշտ էլ լինում են: Մեր դպրոցում ապաստարան են կառուցել, կրակոցների ժամանակ թաքնվում ենք այնտեղ: Բայց մենք չենք վախենում, գիտենք, որ մեր զինվորները լավ են պաշտպանում դիրքերը, չեն թողն, որ մեր գյուղը վտանգի մեջ լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ոսկեվան գյուղից 5-րդ դասարանի աշակերտ Սերյոժան:
Նա իր մի քանի համագյուղացիների հետ այսօր հյուրընկալվել էր նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել էին սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ:
Ոսկեվանից 6-րդ դասարանից Հրանտ Ավագյանն էլ համոզված է, որ զինվորներն իրենց լավ են պաշտպանում, չեն թողնի, որ թշնամին մտնի իրենց գյուղ:
Նշենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում դեկտեմբերի 22-ից մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումներ: Դեկտեմբերի 22-ին Բաղրամյան 26-ում հյուրընկալվել էին հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխա, նախօրեին՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ: Տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա մայրաքաղաքից, մարզերից, Արցախից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- 11-ամյա Նվերի ցանկությունն է՝ քայլել և բոլորին ուրախացնել
- «Ուզում եմ վերադառնալ Սիրիա, հոն ավելի կսիրեմ». Սիրիահայ դպրոցական
- «Երբեք, որևէ անգամ կրակոց չլսեք». Սերժ Սարգսյանը շնորհավորեց երեխաներին
- «Մենք որևէ բանից չենք վախենում». Արցախցի երեխաներն իրենց ապահով են զգում
- «Անկախ ամեն ինչից՝ երբեք չհուսալքվենք». Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված զինծառայողի դստեր ցանկությունն է
- Երեխաների ցանկությունները՝ 2016-ի համար