Վահան Շիրխանյանը ցուցմունք է տվել, որ ծանոթ է եղել Արթուր Վարդանյանի հետ
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները դեկտեմբերի 25-ին դիմելու են Վերաքննիչ դատարան` բողոքարկելու իրենց պաշտպանյալին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Որպես կասկածյալ ցուցմունք է տվել ու իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Հետագայում որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց», -հավելեց փաստաբանը:
Դեռևս կալանավորելու մասին միջնորդության քննարկման ժամանակ, փաստաբանի խոսքով, պաշտպանական կողմը, հաշվի առնելով Շիրխանյանի առողջական խնդիրները, միջնորդել էին գոնե գրավով ազատ արձակել, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Վահան Շիրխանյանը ուղղություն է ցույց տվել Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբին իրենց հետագա գործողություններն անելու համար, Ստեփան Ոսկանյանը նկատեց. «Եթե նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես կարող են նման լուրեր հայտնել: Համենայնդեպս ես նման որևէ փաստական տվյալ չեմ հանդիպել»:
Հետաքրքրվեցինք, թե Շիրխանյանը խմբի ո՞ր անդամի հետ է ծանոթ եղել, փաստաբանը պատասխանեց. «Ելնելով պարոն Շիրխանյանի ցուցմունքից, նա հայտնել է, որ ծանոթ է Արթուր Վարդանյանի հետ: Սակայն դա հիմք չէ, որ անձին մեղադրանք առաջադրվի»:
Մեր հարցին, թե նախաքննական մարմինն ինչի հիման վրա որոշեց կալանավորել Վահան Շիրխանյանին, Փաստաբանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ կան ցուցմունքներ: Համենայնդեպս կալանքի ժամանակ դատարանում ներկայացված նյութերում չեմ հանդիպել որևէ ցուցմունք, որ որևէ անձի կողմից մատնանշված լինի Շիրխանյանի անունը, չնայած մեղադրանքի բնորոշումից նման բան երևում է»:
Նա նշեց, որ մոտ ժամանակները որոշակի քննչական գործողություններ կկատարվեն Շիրխանյանի հետ, որից հետո պաշտպանական կողմը կվերանայի իր անելիքները:
Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջանաներում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2 ամսով
- Ազատամարտիկը վնասազերծված զինված խմբի գործով կալանավորվել է Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվելուց հետո
- Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին