Ամանորյա տոներին դպրոցներում հերթապահություն անելու մասին քաղաքապետարանի հրահանգը զայրացրել է մանկավարժներին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր դպրոցներին քաղաքապետարանից հրահանգվել է հունվարի 3-ից 11-ը ժամը 11:00-ից մինչև 15:00-ն սահմանել մանկավարժների հերթապահություն ու հերթապահող ուսուցիչների անուններն ուղարկել քաղաքապետարան:
Հրահանգը ուսուցիչներին զայրացրել է, և նրանք Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհում էին, որ նորամուծությունը իրենց անհարմար վիճակի մեջ է գցել և տոնական օրերը վայելելու փոխարեն իրենք ստիպված են լինելու միայնակ նստել ցուրտ դասասենյակներում:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ նման կարգ կա և զարմացավ, որ ուսուցիչները զայրացել են:
Նա ասաց, որ այդպիսով աշխատանքային կարգապահություն են սահմանում ու դա «չի լինելու ոչ առաջին անգամը և ոչ էլ վերջինը»:
«Մեզ մոտ գործակարգավարական հանդիպումների ժամանակ քննարկել ենք ու խնդիր է դրված սահմանել հսկողություն տոնական օրերին մայրաքաղաքի կրթական ու մշակութային հաստատություններում ջեռուցման, ջրամատակարարման գազամատակարարման գողությունների հետ կապված զգուշավորությունից ելնելով: Ու գործակարգավարական նիստի ժամանակ առանց բացառության, բոլոր դպրոցների տնօրենները համաձայնել են: Հետո իրենց կոլեկտիվների հետ քննարկել, որոշել են մոտիկ ուսուցիչներով ում հարմար է մեկական ժամով խումբ-խումբ գան դպրոց ու որպեսզի այդ ժամերին ամբողջ պատասխանատվությունը պահակի վրա չլինի, շենքում լինեն, հեռախոսներին պատասխանող լինի: Վա՞տ է, որ հաստատությունում մարդ լինի: Էնքան սիրով են անում, սուրճ են դնում, խմում են, զրուցում են ու հիմա զարմանում եմ, որ զանգել են ձեզ, դժգոհել են», -նկատեց տիկին Սողոմոնյանը` ավելացնելով, որ ուսուցիչների հերթապահությունը պարտադրանքով չէ և «ում հարմար է, նա կարող է գնալ»:
Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ դպրոցներում հատկապես երբ համակարգիչները շատացել են, գողությունները նույնպես շատացել են և հիմնականում հենց այդ պատճառով էլ տոնական օրերին սահմանում են հերթապահություն:
Նա նկատեց, որ հնարավոր է` բողոքող ուսուցիչները, հավանաբար, կոնֆլիկտ են ունեցել տնօրենի հետ ու հավելեց. «Խնդիր ունեք, զանգեք ինձ, մի վայրկյանում հարցը լուծեմ, ինչու են ձեզ դիմել: Ոչ պարտադրելով, ոչ գոռալով, ընդամենը պետք է ասեմ` ինչո՞ւ ուսուցչիդ չես կանչել մի հատ հետը խոսես: Գուցե նրան այդ հինգ օրը շատ էր պետք, որ լիներ տանը: Մարդկային վերաբերմունքը ամենաառաջին տեղում պետք է լինի` անկախ էս աթոռից, պաշտոնից: Պաշտոնը հարաբերական է` այսօր կա, վաղը չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները