Վիգեն Չալդրանյան. «Վարդապետի լռություն» ֆիլմով ճեղքեցինք այսօրվա լռությունը
«Վարդապետի լռություն» ֆիլմը սարսափելի պատասխանատվության զգացումով եմ արել: Փորձում էի քիչ խոսել: Գործ ունեի մի մարդու հետ, ով մեր հայոց խիղճն է եղել, և որի վերադառնալու խնդիրն ունենք այսօր: Մենք խնդիր ունենք վերադառնալու կոմիտասյան արժեքներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդանյանը:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին: Ֆիլմը նվիրված է Կոմիտաս վարդապետի հիշատակին: Այն նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ:
Վ.Չալդրանյանը նշեց, որ մշտապես փորձել է մտավորականների մասին խոսել իր ֆիլմերում. «Ինձ հետաքրքիր է մտավորականը, ով ձևավորում է ազգի դիմագիծը, տեսակը: Այս անգամ թող գրող լինի, ինչու ոչ: Այս ֆիլմի սցենարի վրա նաև Ռուբեն Հովսեփյանն է աշխատել, հետաքրքիր ձեռագիր է բերել իր հետ: Ֆիլմում կան վավերագրական կադրեր: Ես փորձում էի պահել վավերագրությունը, իմպրովիզներ են արվել: Կոմիտասին այսօր պետք է փնտրենք մեր մեջ: Մենք պետք է լինենք Կոմիտասի ժառանգորդները: Կինոյում, որպես փիլիսոփայական կատեգորիա, վերցված էր Կոմիտասի լռությունը, և դրա շուրջն էր ծավալվում ամեն ինչը: Ես փորձեցի Կոմիտասին բացել լռության մեջ՝ 1915 թվականի իրադարձությունների ֆոնին: Վաղուց նպատակ էի դրել անել ֆիլմ, որտեղ ոչ մի կաթիլ արյուն չի լինի: Այս ֆիլմում չկա, բայց Եղեռնի սահմռկեցուցիչ ամբողջ էներգետիկան, կարծում եմ, կա: Այսօր աշխարհն արյուն չի սիրում»:
Նա նշեց, որ մի ֆիլմով հնարավոր չէ ամբողջությամբ բացահատել, ասել, թե ով է Կոմիտասը: Վ. Չալդրանյան հույս ունի, որ ֆիլմը ոչ միայն հայ, այլ նաև օտարների վա ազդեցություն կունենա:
Ֆիլմը նկարահանվել է մեկ տարում: Ֆիլմի նկարահանման համար Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից հատկացվել է 50 միլիոն դրամ, մշակույթի նախարարությունը՝ 35 միլիոն դրամ:
«Իհարկե, այդ գումարով ես չեմ կարող ֆիլմ նկարահանել դրսում, բայց Հայաստանում, իմ քաղաքում կարող եմ: Իմ թակած 100 դռնից 99-ը բացում են՝ թեկուզ աննշան խնդրանքով»,- ասաց նա:
Ֆիլմի հերոս Էդգար Նովենցի դերակատար Վարդան Մկրտչյանի խոսքով, ֆիլմը սպասված էր:
«Ես պիտի կարոտեմ այն պահերը, երբ մենք մաեստրոյի հետ աշխատում էինք, փորձում էինք հասկանալ մտավորականի այն տեսակին, որի կարիքը կա»,-նշեց նա:
Վիգեն Չալդրանյանն ասաց. «Էդգար Նովենցի ծնունդը պատահական չէր, եթե համեմատեմ նախորդ ֆիլմերիս հերոսների հետ: Ես կանխատեսում եմ նման մտավորականի ծնունդ: Այսօրվա հերոսը չպետք է լռի: Այսօրվա լռությունը մենք ճեղքեցինք»:
«Շարմ Հոլդինգ»ի կոորդինատոր Մարինա Վարդանյանն ասաց, որ ֆիլմին սպասում է երկար ճանապարհ, նաև փառատոնային. «Չեմ ուզում փակագծերը բացել: Այն «Օսկար»-ին ներկայացնելու մտադրություն կա: Ֆիլմը կդիտեն Հայաստանում և Ղարաբաղում: Ֆիլմն առաջաին հերթին արել ենք հայի համար, ցանալաի է նաև, որ ամբողջ աշխարհը դիտի ու իմանա՝ ով է Կոմիտասը»:
«Վարդապետի լռությունը» ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանում մամուլի տեսության պատմության դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա: Սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով` հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Ֆիլմի սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ Ռուբեն Հովսեփյանի: Դերերում հանդես են գալիս Վարդան Մկրտչյանը, Անի Ղազարյանը, Կոմիտասի դերում՝ Արտո Խաչատրյանը, Վաչե Շարաֆյանը Գռաֆսերը: Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան