Պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղական գրադարանը. Տիգրան Զարգարյան
2015 թվականը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը արդյունավետ համարեց գրադարանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ ձեռքբերումներին առանձին առանձին:
«Վարչական մասնաշենքն ամբողջովին ջեռուցվեց, փոխվեցին գրապահոցներն ու լուսամուտներ, մյուս տարի էլ կշարունակվի շենքի արտաքին վերանորոգումն ու թարմացումը»,-ասաց նա:
Տ. Զարգարյանը նկատեց, որ ազգային գրադարանի հիմնական գործառույթներից մեկը համալրումն է: Այս տարի 39 հազար կտոր գիրք համալրվել է պետբյուջեով, իսկ 21 հազարը եղել է նվիրատվություն, աճուրդներից նույնպես գրադարանային հավաքածուն համալրվել է հնատիպ գրքով:
Ազգային գրադարանի տնօրենը կարևորեց գրականության թվայնացումը. «Հայ գրքում թվայնացվել է 125 հազար մատենագրական գրառում, որը կազմում է 1մլն 200 հազար էջ, իսկ հայ մամուլից թվայնացումը հասել է 1մլն 500 հազարի, որն ունի օգտվողների մեծ շրջանակ ու պահանջարկ, հիմնականում լրագրողների կողմից»:
Զարգարյանը տեղեկացրեց, որ այս տարի հրատարակել են «Բանբեր» ամսագրի առաջին համարը. «Նման ամսագիր խորհրդային տարիներից հետո Հայաստանում չի եղել: Ամսագիրը երկլեզու է՝ անգլերեն և հայերեն, որի միջոցով համագործակցում ենք դրսի գրադարանների հետ»:
Բանախոսը շեշտեց նաև գրադարանավարական կրթության կարևորությունը: Նա նշեց, որ եռօրյա դասընթացներ են կազմակերպում, որին մասնակցում են մարզային գրադարանավարները. «Պետք է շտկվի, ոտքի կանգնվի գյուղական գրադարանը, մենք պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղական գրադարանը: Ազգային գրադարանը գրքահավաք է կազմակերպում գյուղական և սահմանամերձ գրադարանների համար, ունենք արդեն կուտակված գրականություն և գարնանն արդեն կտանենք մեր թիրախային գրադարանները»:
Ազգային գրադարանի տնօրենը ուրախությամբ ավելացրեց, որ ընթերցողների հոսքը չի պակասել. «Գալիք տարում նախատեսում ենք ընթերցասրահների աշխատանքային ժամերն ավելացնել, որ կարողանան գալ աշխատանքից հետո և մնալ մինչև երեկոյան ժամ ինը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան