11-ամյա Նվերի ցանկությունն է՝ քայլել և բոլորին ուրախացնել
Չինարիից 6-րդ դասարանցի Գոհարը ցանկանում է շուտ մեծանալ, որ սահմանապահ դառնա:
«Ուզում եմ սահմանապահ դառնալ, որովհետև ուզում եմ մեր կորցրած զինվորների պատիվը բարձր պահել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գոհարիկը:
Այսօր նա հյուրընկալվել էր նախագահան նստավայրում՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել էին սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ:
«Որ սահմանապահ դառնամ, ծառայելու եմ մեր գյուղում, շարունակելու եմ ապրել մեր գյուղում: Ոչ մի տեղ չեմ գնա: Երազանքս այն է, որ ոչ մի մայր չկորցնի իր զավակին»,- նշեց Գոհարիկը:
Նրա խոսքով, իրենց գյուղում հաճախ են հնչում կրակոցներ, իրենք արդեն սովորել են. «Այդ ժամանակ մենք պատսպարվում ենք տներում: Շատ տներ կան մեզ մոտ, որ այդ կրակոցներից վնասվել են: Հաճախ ենք մեր գյուղում տեսնում զինվորների, նրանց հյուրասիրում ենք միրգ, եթե ունենում ենք»:
Ճամբարակից 7-րդ դասարանից Արթուրը սկզբում ասաց, որ չի վախենում կրակոցներից, բայց հետո խոստովանեց. «Մի քիչ վախենում եմ»:
«Երբ դրսում խաղում ենք, մեր ծնողներն անհանգստանում են, շուտ մեզ տուն են կանչում»,- նշեց Արթուրը, ով ուզում է մաթեմատիկոս դառնալ:
11 տարեկան Նվերը, ով անվասայլակով է, ցանկանում է, որ 2016-ի ընթացքում քայլել և բոլորին ուրախացնել:
Դավիթը, ով նույնպես անվասայլակով էր, եկել էր նախագահական նստավայր մեկ ցանկությամբ՝ լուսանկարվել նախագահի հետ: Նա նկարվեց: Պատրաստվում է նկարը ցույց տալ իր ընկերներին: Ուզում է դառնալ ոստիկան՝ վատ մարդկանց բռնելու համար:
Երևանից Էրիկ Մելքոնյանը երկու անգամ «Կենգուր» օպլիմպիադայի հաղթող է: Նա ցանկանում է դառնալ իրավաբան. «Գիտեմ, որ պետք է լավ սովորեմ, թե չէ հրաշք չի լինի, որ առանց սովորելու միանգամից դառնամ իրավաբան»:
Նշենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում դեկտեմբերի 22-ից մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումներ: Դեկտեմբերի 22-ին Բաղրամյան 26-ում հյուրընկալվել էին հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխա, նախօրեին՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ: Տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա մայրաքաղաքից, մարզերից, Արցախից:
Հարակից հրապարակումներ`
- «Ուզում եմ վերադառնալ Սիրիա, հոն ավելի կսիրեմ». Սիրիահայ դպրոցական
- «Երբեք, որևէ անգամ կրակոց չլսեք». Սերժ Սարգսյանը շնորհավորեց երեխաներին
- «Մենք որևէ բանից չենք վախենում». Արցախցի երեխաներն իրենց ապահով են զգում
- «Անկախ ամեն ինչից՝ երբեք չհուսալքվենք». Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված զինծառայողի դստեր ցանկությունն է
- Երեխաների ցանկությունները՝ 2016-ի համար