Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ մարտահրավեր է միջազգային հանրությանը. Կարեն Միրզոյան
Անցնող տարում ոչ միայն ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, այլև դրանք նոր ձև և բովանդակություն են ստացել: Այս մասին նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որպես ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ, նախարարը անդրադարձել է նաև 2015 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնին, որին մասնակցել են քույր քաղաքները ներկայացնող Ֆրանսիայից ժամանած ավելի քան 200 հյուրեր։
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը։ Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: