Այսօր Հայաստանում կա բնակարանային խնդիր. Նարեկ Սարգսյան
2016 թվականի հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն արդեն ազատված կլինեն պարտադիր լիցենզավորման պահանջից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա կարևորեց ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ԱԺ-ի կողմից:
Սարգսյանը նշեց, որ մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, ինչը նաև թանկացնում էր շինարարությունը: Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, քաղաքացին միայն պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրության սխեման և ստանա շինարարության թույլտվություն:
«Շինարարի հետ պայմանագիր, լիցենզավորում, այդպիսի բաներ չի պահանջվելու»,- նշեց նախարարը:
Նարեկ Սարգսյանն ասաց, թե Հայաստանում 226 կիսակառույց շինություն կա՝ պետական կամ համայնքային հաշվեկշռում: Ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 140 հազար քառակուսի մետր. «Վերակառուցելով դրանք, կարող ենք լուրջ խնդիրներ լուծել՝ սոցիալական բնակարանային ֆոնդի, վթարային շենքների»:
Նրա խոսքով, նախարարության գերակա խնդիրների մեջ է մտնում մշակել և առաջարկություներ ներկայացել այդ շենքերի հետագա վերակառուցման և շահագործման վերաբերյալ: Նախարարը հավելեց, որ այդ կիսավարտ շինությունների 5-10 տոկոսը հնարավոր է, որ պիտանի չլինեն:
Ն. Սարգսյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա բնակարանային խնդիր, բոլոր քաղաքներում կան վթարային շենքեր:
Նախարարը նշեց, որ փորձում են գտնել նոր տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ և ավելի մատչելի գներով իրականացնել շինարարություն:
«Հիմա գործարան է կառուցվում, որը մեզ առաջարկելու է 40 տոկոսով ավելի էժան գներ»,- հայտնեց նախարարը:
Նա ասաց, որ նաև կիսակառույց շենքները կառուցելով, կփորձեն լուծել այդ խնդիրը, թեև մեծ միջոցներ են պահանջվելու: