Երևանում լինելը ինձ համար մեծ բավականություն է. Կուստուրիցա
«Ինձ համար շատ հաճելի է գտնվել մի երկրում, որի հետ մենք ընդհանուր շատ բան ունենք», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սերբ հռչակավոր ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան:
Այդուհանդերձ, նրա խոսքով, հայերի հետ սերբերի տարբերությունն այն է, որ հայերը միասնական են, համախմբված:
«Դուք ճանաչված եք որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ և ունեք պետականություն, որը հայերի կոլեկտիվ արձագանքն է կազմակերպում այդ ամենին», -հավելեց ռեժիսորը:
Նա նկատել է, որ սերբ ժողովուրդը, որը Կուստուրիցայի խոսքով, ինչպես հայերը, կոտորվել է խորվաթների կողմից, միասնական հանդես չի գալիս:
«Ավելին, զոհի կարգավիճակից մեզ անգամ փորձում են ներկայացնել որպես մեղավոր», -նկատեց Երևան եկած սերբ հյուրը:
Նա ասաց, որ Երևանում լինելը իր համար մեծ բավականություն է, հատկապես, երբ ծանոթ է Հայաստանի պատմությանը, անցած ճանապարհին:
«Երբ ես մի քանի տարի առաջ Թուրքիայում էի, ինձ ասացին, որ ես այդ երկրում ցանկալի մարդ չեմ` հաշվի առնելով իմ դիրքորոշումը սերբերին վերագրվող ցեղասպանության հարցում: Դրան իմ պատասխանը այն էր, որ դուք չէ, որ պետք է ցեղասպանության մասին մտահոգություն հայտնեք, որովհետև առաջին աշխարհամարտի ընթացքում 1 մլն 200 հազար մարդ դուք եք, որ կոտորել եք: Ես հեռացա այդ երկրից: Հետո իմացա, որ շվեյցարացի մի ռեժիսոր, որը շատ նման է ինձ, գնացել էր Թուրքիա և նրան ծեծել էին: Այսինքն բնազդային արձագանքներ են տալիս», -պատմեց Կուստուրիցան:
Լուսանկարը՝ ֆուտոլուրի: