Աղետի գոտում 965 ընտանիքի բնակարանային խնդիր դեռևս լուծված չէ
Այս տարվա դրությամբ աղետի գոտում դեռևս լուծված չեն 965 ընտանիքի կամ աղետի գոտու բնակապահովման պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների թվի 18 տոկոսի բնակարանային խնդիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որից 4398-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2014 թվականների ընթացքում: 605 ընտանիքին հատկացվել է ֆինանսական աջակցություն, իսկ 3793 ընտանիքի բնակարաններ (բնակելի տների):
Ն.Սարգսյանը նշեց, որ 965 ընտանիքից 43-ի բնակարանային խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության այս տարվա նոյեմբերի 19-ի որոշմամբ արդեն իսկ համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններին: Մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով արդեն իսկ միջոցներ են նախատեսվել 2016 թվականի պետական բյուջեով: Մնացած 635 ընտանիքի բնակարանային խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2016-2017 թթ. ընթացքում:
«Աղետի գոտում ինչքան որ շենք փլուզվել է, նույն մակերեսով շենքեր այս տարիների ընթացքում կառուցվել են»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչու մինչ այժմ չի լուծվել աղետի գոտում բնակարանային խնդիրներն ամբողջությամբ, Ն. Սարգսյանը նշեց, որ խնդիրն ամբողջական չի լուծվել սոցիալ տնտեսական խնդիրների պատճառով:
«2017 թվականին պետության պարտավություններն աղետի գոտու նկատմամբ ամբողջությամբ կավարտվի»,- ընդգծեց քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ 2016-ին կավարտվի քաղաքային բնակավայրերի խնդիրները, 2017-ին՝ Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերի գյուղական բնակավայրերի խնդիրները: