Հայաստանում անձեռնմխելի որևէ բուժհիմնարկ չկա. Արմեն Մուրադյան
Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշները նվազել են:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ այս խնդիրը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
Ըստ նրա՝ մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, եթե 1990-2011թթ. 21 տարվա ընթացքում կրճատվել էր 42%-ով, ապա միայն վերջին 3 տարվա ընթացքում այն նվազել է 25%-ով` 2014թ. կազմելով 10,3 ‰: Նույն միտումն ունի մանկական (0-1 տարեկան) մահացության ցուցանիշը, որը 2014թ. կազմել է 8,8%` 1000 կենդանածնի հաշվարկով:
Ինչ վերաբերում է մայրական մահացությանը, ապա 1999-2001թթ. համեմատությամբ հանրապետությունում վերջին տարիներին արձանագրվում է մայրական մահացության ցուցանիշի իջեցման կայուն միտում։ Եթե 1999-2001թթ. մայրական մահացության ինդեքսը 100.000 կենդանածնի հաշվով կազմել է 40, ապա 2011-2013թթ. ընթացքում՝ 18.8, 2014թ.՝ 18.6 (8 դեպք), 2015թ.` 13 կամ 5 դեպք, որը վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է: Ըստ առանձին տարիների, մայրական մահացության ինդեքսը մեզանում բարձր է եղել 1990թ.-53.7 և 2000թ.-71.0։
Ա.Մուրադյանը նշեց, որ իրականում թվերը խոսում են այն մասին, որ մայրական մահացության ցուցանիշի նվազման առումով մեծ աշխատանք է կատարվել. «Իհարկե մահացության դեպքերը նվազում են, բայց այն չի կարող սփոփիչ լինել, քանի որ մայրական մահացության մեկ դեպքն էլ մեզ մտահոգում է: Աշխարհում չկա մեկ երկիր, որ կկարողանա միանշանակ հաղթահարել այս ցուցանիշը»:
Անդրադառնալով այս տարի «Շենգավիթ» ԲԿ-ում հնչեղություն ստացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքին՝ նախարարը նախ նշեց, որ Հայաստանում անձեռնմխելի որևէ բուժհիմնարկ չկա, իսկ առանձին դեպքերի հետ կապված իրավապահներն իրենց աշխատանքը բարձր մակարդակով իրականացնում են:
Ինչ վերաբերում է մայրական մահերի վերաբերյալ բժիշկներին ուղղված մեղադրանքներին, ապա, ըստ նախարարի, ինքը դեմ է, երբ ոտնահարում են անմեղության կանխավարկածը, երբ ազնվաբարո աշխատող բժիշկը վաղաժամ մեղադրվում է այն գործողություների մեջ, որը որևէ դատարան դեռ չի հաստատել:
«Բժշկի հեղինակության հետ կապված խնդիրները պետք է ավելի զգույշ քննարկեն հատկապես լրատվամիջոցները: Բոլոր դեպքերը իրավական տիրույթում են, կարող եմ միանշանակ ասել, որ անձեռնմխելիության գործոն չկա, մենք անաչառության գործոնը երաշխավորում ենք»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է 72-75 հազար հղի կին, և գրանցվում է շուրջ 43 հազար ծնունդներ, 7000 արհեստական ընդհատումներ, 3.5 հազար վիժումներ, որից 1.5 հազ. բժշկական ցուցումներով, հղիների մյուս մասը տեղափոխվում է հաջորդ տարի:
«Հղիության պաթոլոգիա գոյություն ունի ամբողջ աշխարհում, մեզ մոտ գրանցվում է 18 հազար դեպք: Այս տարի յուրաքանչյուր ծննդօգնության բուժհիմնարկ չափագրվել և մշտադիտարկվել է, արդյունքում ունենք նախորդ տարվա համեմատ մահացության 5 դեպք: Բացի այդ, ունենք մինչև 7 օրական, մինչև 28 օրական, մինչև մեկ տարեկան, մինչև 5 տարեկան և մինչև 7 օրական երեխաների մահացությունների նվազում: Մենք հազարամյակների մարտահրավերների շեմը հաղթահարել ենք»,-ասաց նա:
Նախարարի խոսքերով՝ Մերի Մարգարյանի մահվան փաստով իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների փաթեթը ներկայացրել են քննչական կոմիտե և ներկայումս իրավունք չունեն որևէ բան ասել:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարության համար 2015 թվականը առանձնահատուկ տարի էր. Արմեն Մուրադյան
- Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը նվազել է. Արմեն Մուրադյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում