
ՀՀ-ում սկսվել է մշակութային օջախները հաշմանդամություն ունեցողներին հարմարեցնելու գործընթաց
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ասաց, որ մեր երկրում սկսել են գործող մշակութային օբյեկտները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց:
Նա նշեց, այդ խնդիրը բարձրացվել էր հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների կողմից: Նախարարն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքում գործող մշակութային օջախներում: Տվյալների հավաքագրումից հետո դրանք համադրվել են խնդրով զբաղվող ՀԿ-ների ունեցած տվյալների հետ:
Հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր ձևավորելու և հարցին հիմնարար լուծում տալու նպատակով քաղաքաշինության նախարարություն-ՀԿ-ներ համագործակցությամբ համատեղ ծրագիր է մշակվել: Արդյունքում՝ արդեն 2016 թվականի բյուջեով ներառվել են ՀՀ կառավարական տուն 3-ի հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացման նպատակով նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվել և կազմվել է խոշորացված նախահաշիվ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի համերգասրահի, Հայաստանի Ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով: