Երևանի կրկեսը 2017-ին կհանձնվի շահագործման. նախարար
Կրկեսը բավականին բարդ օբյեկտ է, ինժեներական բարդ լուծումներ պահանջող: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում կրկեսի շինարարական աշխատանքների ավարտը:
«Կրկեսը, ինչպես, օրինակ, սառցադաշտը, տեխնոլոգիայի հետ կապված բավականին բարդ օբյեկտներ են: Շատ մասնագետներ դրսից են հրավիրված, քանի որ Հայաստանում նման մասնագետներ չկան: Նախագծերի որոշ մասեր իրականացվում են Հայաստանից դուրս, մասնավորապես Ռուսաստանում»,- նշեց նախարարը: Ինչ վերաբերում է հարկերի ավելացմանը, Ն. Սարգսյանն ասաց, որ հարկերի տարբերությունը՝ լինի վեց հարկ, կամ յոթ, էական չէ, կարևոր է, որ համահունչ լինի տվյալ միջավայրին:
Նախարարը տեղեկացրեց, որ շենքի հիմնական կարկասը կավարտվի այս տարի, հաջորդ տարի կիրականացվեն արդեն բուն աշխատանքները, իսկ 2017-ին կհանձնվի շահագործման:
«Բավականին լուրջ կառույց է: Երևանի համար նշանակալի օբյեկտ կլինի»,- ասաց Ն. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։