Կարեն Դուրգարյան. Ես եկել եմ պաշտպանելու գլխավոր դիրիժորի հաստիքը
«Օպերային թատրոնը մի օրգանիզմ է, որն ունեցել է իր համբավը սովետական շրջանում, գլխավոր դիրիժորի հաստիքը հենց այնպես հնարված չէ: Ես եկել եմ պաշտպանելու այդ հաստիքը, իմ անձի հետ ես չեմ կապում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: Փոփոխությունների արդյունքում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվել է: 2001 թվականից թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:
Կ.Դուրգարյանը նշեց, որ ծափահարություններով կընդունի իր կոլեգային, ով այդ պաշտոնը կզբաղեցնի ու կկարողանա թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ավելի բարձրացնել: Ըստ նրա, գլխավոր դիրիժորը փորձում է իր կոլեգաների հետ պահպանել այն ավանդույթները, որոնք եղել են. «Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը 85 տարեկան է, այն ստեղծվել է դիրիժորների շնորհիվ»:
«Ութ տարի առաջ, երբ նախարարությունը կրճատեց գեղարվեստական ղեկավարի հաստիքն, ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ճիշտ է: Ես պատասխանեցի այո, եթե մտադրություն ունեն ընդհանարապես թատրոնը քանդել, քայքայել: Հիմա էլ ասում եմ՝ եթե ուզում են նվագախումբը քանդել, լուծարել, հետևաբար գլխավոր դիրիժոր պետք չէ»:
Կ. Դուրգարյանի ներկայացմամբ, ինքը ծանուցագիր է ստացել, որով տեղյակ են պահել, որ ինքն աշխատանքից ազատված է, քանի որ գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատված է:
«Ինձ համար տարօրինակ է, քանի որ եթե մարդուն ազատում են աշխատանքից, պետք է, ըստ օրենքի, 2-3 ամիս առաջ այդ մասին զգուշացնեն: Եթե օրենքը խախտում են, պետք է տույժեր վճարեն: Հետևաբար, թատրոնն ինձ պարտավոր է տույժ վճարել: Ուրախ եմ, որ թատրոնն ունի այդ ֆինանսական հնարավորությունը և արագ կարող է վճարել: Իմ իրավաբաններն ասում են, որ բազմաթիվ խախտումների պատճառով կարող ենք ջախջախել այդ ամենը: Իմ ընտանիքը դեմ է, որ գնանք այդ ուղղությամբ, քանի որ մեր առողջությունն ավելի կարևոր է: Բացի այդ` կստացվի, որ իմ զբաղեցրած աթոռի համար կռիվ եմ անում: Ներեցեք, բայց ես դրան պատրաստ չեմ: Ես ունեմ իմ տեղը, հասցեն, աշխատանքը, մասնագիտությունը: Ճշմարտությունն օդում կախված է, բոլորը տեսնում են»,- ասաց Կ.Դուրգարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ իրեն որևէ մեկը չի կարող հանել, որովհետև ինքն ունի իր մասնագիտությունը և այն որևէ մեկը չի կարող իր ձեռքից վերցնել. «Պաշտոնից կարող են հանել ինչ-ինչ պատճառներով, բայց մասնագիտությունը չեն կարող վերցնել»:
Կ.Դուրգարյանի խոսքով, դասական արվեստը միջազգային լեզու է, ու ինքն ունի իր աշխատանքը նաև դրսում. «Ես կրողն եմ հայկական դպրոցի, դրսում բոլոր հյուրախաղերին ներկայանում էի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դրոշի տակ, ներկայացնում էի Հայաստանը: Անշուշտ, սրանից հետո էլ պետք է ներկայացնեմ Հայաստանը»:
Հարակից հրապարակումներ`
- Է. Թոփչյան. Անեկդոտի է նման, որ կարելի է օպերային թատրոնի կանոնադրությունը փոխել և որոշել, որ գլխավոր դիրիժոր պետք չի
- Ռ.Ամիրխանյան. Օպերայի և բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից
- «Անձի խնդիր չկա»
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին