Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 400 միջոցառում է անցկացվել 35 երկրում
Աշխարհի 35 երկրում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված 400 միջոցառում է տեղի ունեցել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Սա հսկայածավալ աշխատանք է»,- նշեց նա:
2015 թվականը նշանավորվել է նաև «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգաշարով. տեղի է ունեցել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երուսաղեմի օպերային թատրոնում, Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբի ելույթը Տալինի Սբ. Հովհաննես եկեղեցում, Արգենտինայի Երիտասարդական պետական երգչախբի համերգը Բուենոս Այրեսում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ երգչախմբի համերգը, Բրյուսելի ազգային նվագախմբի համերգը «Բոզար» կենտրոնում և Եվգենի Կիսինի ու «Հովեր» երգչախմբի համերգը Նյու Յորքի «Կարնեգի Հոլլ» համերգասրահում: Համերգներից անմասն չեն մնացել նաև Մեծ Բրիտանիան, Ավստրիան և Իտալիան:
Հայաստանյան կոլեկտիվներն ու անհատ կատարողները հանդես են եկել աշխարհի մեծ բեմերում և նշանավոր հոգևոր տաճարներում. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մարտին «Ալ Բուստան» փառատոնում, իսկ Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնում՝ մարտի 28-ին ելույթ է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշարով շրջել է Ֆինլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Լիբանանում, Գերմանիայում, Լեհաստանում:
Ապրիլի 1-6-ը Սալոնիկի Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. փառատոնի հատուկ հյուրն էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: «Արամ Խաչատրյան» տրիոն ապրիլի 13-ին Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու համերգասրահում էր, ապրիլի 17-26-ը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու պատանեկան երգչախումբը` Դանիայի մի շարք քաղաքներում:
Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Հունաստանում և Արգենտինայում:
Հռոմի Վիտորիանո հուշահամալիրում («Հայաստան. տապանի ժողովուրդ», մարտի 5-ից մայիսի 3-ը) և Սանկտ Պետերբուրգում («Հայկական ավանդական մշակույթի աշխարհը», ապրիլին, ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի հավաքածու) կազմակերպվել են հայկական քաղաքակրթությունը և ժողովրդի կյանքն ու կենցաղը ներկայացնող ցուցահանդեսներ:
Մայիսի 16-ին մի շարք երկրներում գործող ՀՀ դեսպանություններում և մշակութային հաստատություններում միաժամանակ բացվել են Հայաստանն աշխարհի պատմական քարտեզներում ներկայացնող ցուցահանդեսներ (61 քարտեզ ներկայացնող այս ցուցահանդեսի հեղինակն է Ռուբեն Գալըչյանը):
Աշխարհի մի շարք քաղաքներում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական և խաղարկային կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ` «Այլևս երբեք» խորագրով: Ավանդական «Ոսկե ծիրան» փառատոնն (հուլիս 12-19) այս տարի նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Մեր խնդիրն էր ներկայացնել ազգի, ժողովրդի անցած ճանապարհը, ցույց տալ աշխարհին, որ մեր հայացքն ուղղված է ոչ թե հետ, այլ առաջ, ողբերգական իրադարձությունների պատճառով ոչ թե կորցրել ենք մշակույթ, այլ այն տարածվել է աշխարհում»,-նշեց մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում