Է. Թոփչյան. Անեկդոտի է նման, որ կարելի է օպերային թատրոնի կանոնադրությունը փոխել և որոշել, որ գլխավոր դիրիժոր պետք չի
«Օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի, կարծում եմ՝ չի կարող լինել: Բոլոր հանրահայտ օպերային թատրոնների դեմքերը գլխավոր դիրիժորներն են: Գլխավոր դիրիժորի պաշտոնը փակելը նման է նրան, որ ֆուտբոլի թիմին պետք չէ գլխավոր մարզիչ, դաշտի տնօրենը կզբաղվի դրանով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:
Ըստ Է.Թոփչյանի, օպերային թատրոնին պետք են տասնյակ դիրիժորներ. «Կարեն Դուրգարյանի սխալներից մեկն այն է եղել, որ չափազանց շատ մարդկանց է մոտ թողել նվագախմբին: Մյուս կողմից էլ սա նշանակում է, որ որևէ խոչընդոտ չի ստեղծել և չէր էլ ստեղծի, որ այլ դիրիժորներ ղեկավարեին նվագախումբը»:
Նա ընդգծեց, որ Կարեն Դուրգարյանն իսկապես պատրաստի համաշխարհային մակարդակի դիրիժոր է, հիմա կարող է հասնել ավելի լավ արդյունքների, քան մինչև հիմա հասել է. «Տարեկան 30-40 համերգ է ունենում արտասահմանում: Կարեն Դուրգարյանի մակարդակի դիրիժոր այստեղ բերել չենք կարող: Որ նա գնա Հայաստանից, կկորցնի իր կապը հայրենիքի հետ, մենք կկորցնենք նրան, բայց ինքը կմնա դիրիժոր:
Այստեղ հանկարծ որոշում են, որ Կարեն Դուրգարյանը մեզ էլ պետք չի: Սա ինձ ցավ է պատճառում: Ես դրա մասին ասել եմ Գեղամ Գրիգորյանին, ում մանկությունից սիրում եմ, հարգում եմ, երբ երգում է՝ հուզվում եմ: Ժամանակին էլ իր հետ վատ վարվեցին: Շատ խնդիրներ է ունեցել, բայց դարձավ համաշխարհային երգիչ: Ի վերջո նա Հայաստանին հասավ այն ժամանակ, երբ որ արդեն իր ամենափայլուն ժամանակը չէ:
Անեկդոտի նման է, որ կարելի է օպերային թատրոնի կանոնադրությունը փոխել և որոշել, որ գլխավոր դիրիժոր պետք չի: Վստահ եմ, որ մի օր դա կվերականգնվի, և դրան մենք երկար չենք սպասի»:
Է.Թոփչյանն ընդգծեց, որ պետք է ինտրիգներին վերջ դրվի, բոլորը զբաղվեն իրենց գործով, համագործակցեն միմյանց հետ:
«Երբեք Հայաստանում մշակույթին այսքան մեծ ուշադրությոն չեն դարձել, երբեք մշակույթի նկատմամբ այսքան մեծ հոգածություն չի եղել: Պետք է այս ժամանակը ճիշտ օգտագործել: Ես շատ լավ կարողանում եմ պատերազմել և ի վերջո հաղթում եմ: Երբեք, ոչ մի անգամ չեմ վախեցել որևէ մեկի հետ պատերազմելուց: Բայց հոգնել եմ: Կոչ եմ անում՝ հերիք է, ամեն մեկը թող զբաղվի իր գործով: Բոլորի համար տեղ կա, դաշտ կա»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա էին նաև օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները, ովքեր հույս ունեն, որ այս խնդիրը կլուծվի, քանի որ, ըստ նրանց, Կարեն Դուրգարյանն ունի ուրույն ձեռագիր, միասին շատ լավ աշխատանք են կատարել, պրեմիարաներ ունեցել, «նվագախումբը չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց Դուրգարյանի»:
Հարակից հրապարակումներ`
- Ռ.Ամիրխանյան. Օպերայի և բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից
- «Անձի խնդիր չկա»
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան