Կարևոր է սոցիալական բնակֆոնդի ձևավորումը. Նախարար
Ժողովրդագրական խնդիրների լուծման հետ կապված կառավարությունը մեծ աշխատանք ունի իրականացնելու: 2014 թվականին կառավարության ծրագրում ամրագրվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ընդունման անհրաժեշտությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ նախորդ 1-1,5 տարվա ընթացքում մեծ ուսումնասիրություններ, վերլուծություններ են իրականացրել գործընկեր կազմակերպությունների, փորձագետների աջակցությամբ, որի հիման վրա ձևավորվել է ծրագրի նախագիծը:
Նախարարն ասաց, որ նախանշված խնդիրներից կարևորը զբաղվածությունն է, նաև միջինից ցածր եկամուտ ունեցող աշխատատեղերում զբաղվածության ապահովման խնդիրը: Ա.Ասատրյանը փաստեց, որ կա նաև կառուցվածքային գործազրկություն, կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում:
Նախարարը ժողովրդագրական իրավիճակի բարելավման հետ կապված կարևորագույն խնդիրներից համարեց նաև բնակարանային ապահովության խնդիրը:
«Փաստում ենք, որ ունենք բնակարանային ապահովության հետ կապված խնդիր: Պետք է մտածենք, թե լրացուցիչ ինչ հնարավորություններ կարող են ստեղծել, որ բնակչության տարբեր խմբեր հնարավորություն ունենան իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծել: Մի շարք ուղղություններով ենթածրագրեր են մշակվել»,- ասաց Ա.Ասատրյանը:
Ըստ նրա, կարևոր է սոցիալական բնակֆոնդի ձևավորումը. «Երկրում պետք է լինի համարժեք բնակարանային ֆոնդ, որն ամենատարբեր իրավիճակներում հնարավորություն ընձեռի քաղաքացիներին ունենալ կացարան»:
Հիփոթեքային վարկավորման շրջանակներում, նախարարի խոսքով, լրջագույն խնդիր է կանխավճարի հարցը և նաև հնարավորությունն իր ունեցած եկամուտների շրջանում ապահովել հիփոթեքային վարկի սպասարկում:
Ա.Ասատրյանն ասաց, որ առաջիկա տարվա ընթացքում նախատեսում են նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի հաստատումը, որում տարբեր ուղղություններ են ներառված:
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին անգամ ամուսնական տարիքը բարձրացել է, տղամարդկանց համար հասնում է 30 տարեկան, կանանց՝ 27, ինչը մտահոգիչ է: Ծնունդների ավելացման առումով պետք է խրախուսենք, որպեսզի ամուսնական տարիքը իջնի: Այսօրվա երիտասարդներն առաջին պլան են մղում կարիերան, մասնագիտությունը, իսկ ընտանիքը՝ երկրորդ: Հիմա մենք պետք է առաջարկություն մշակենք, խրախուսենք, որ մեկը մյուսին չի խագարում, փոխլրացնում է, պետք է դրանք զուգահեռ անել»,- ասաց նախարար Ա.Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան