Չինաստանը արտաքսում է ֆրանսիացի լրագրողին ույղուրների մասին հոդվածի պատճառով
Չինաստանի իշխանությունը հրաժարվել են երկարաձգել ֆրանսիացի լրագրող Ուրսուլա Գոտյեի լրագրողական քարտի վավերականությունը, ինչի պատճառ է հանդիսացել Չինաստանի Սինցզյան նահանգում ապրող ույղուրների մասին լրագրողի կողմից նյութեր հրապարակելը:
L’Obs թերթի լրագրող Ուրսուլա Գոտյեն BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` պատմել է, որ Չինաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է երկարաձգել իր լրագրողական քարտի վավերականության ժամկետը, որը սպառվում է այս տարի:
Ֆրանսիացի լրագրողն առաջին օտարերկրյա լրագրողն է, ում ՉԺՀ-ն վտարում է երկրից սկսած 2012թ-ից, երբ չինական իշխանությունները թույլ չտվեցին «Ալ Ջազիրա» գործակալության անգլիալեզու ծառայության լրագրող Մելիսե Չանին շարունակել իր աշխատանքը Չինաստանում:
Չինաստանի այս քայլն արդեն իսկ քննադատության է արժանացել Ֆրնասիայի արտգործնախարարության և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան ինքնավար շրջանում անկայուն վիճակը շարունակվում է արդեն մի քանի տարի: Ույղուրների մի մասը դժգոհ է նրանից, որ նահանգը կառավարում են չինական իշխանությունները, և պահանջում են ավելի շատ անկախություն Պեկինից:
Ներկայումս Սինցզյան նահանգում ապրում է 9 մլն մուսուլման ույղուր, որոնք կազմում են նահանգի բնակչության 45%-ը: Տարբեր իրավապահ կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են չինական պետության կողմից ույղուրական մշակույթի և կրոնի նկատմամբ ճնշումների մասին:
2009թ-ին նահանգի չինացի և ույղուր բնակիչների միջև բախման հետևանքով մահացել էր ավելի քան 150 մարդ: