Ռ.Ամիրխանյան. Օպերայի և բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից
«Անթույլարելի, հակամասնագիտական իրողություն է սա: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: 2001 թվականից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:
«Այս պահին ես սպասում եմ, թե ինչպես է թատրոնը շարունակելու այն ավանդույթները, որոնք եկել և հասել են մեզ որպես ազգ: Ինտրիգային հարաբերություններ են. դու դիրիժոր չես լինելու: Բացահայտ երևում է, եթե դա երկու ամսով է, նշանակում է, քո փոխարեն ուրիշն է գալու: Պատկերացնում եք, որ նավը չունենա գլխավոր կապիտան»,- ասաց Ռ.Ամիրխանյանը:
Կոմպոզիտորի խոսքով, Կարեն Դուրգարյանը մեծ արժանիքներ ունեցող մասնագետ է, ով կարող է օպերային արվեստը շարժել տեղից, առաջ տանել, նա հայ ազգային մշակույթի կարևոր գործիչներից մեկն է:
«Ֆարս է տեղի ունեցել: Չհարգեն մարդուն ու թղթով ասեն՝ հեռացված ես: Իսկ ուր է մասնագիտական հիմնավորումը՝ ինչո՞ւ»,- ասաց նա:
Ռ.Ամիրխանյանն անընդունելի է համարում որպես դիրիժոր օտար մասնագետին բերելը, քանի որ, ըստ նրա, օտարը չի կարող ապրել մեր օպերային արվեստի խնդիրներով:
Հարակից հրապարակումներ`
- «Անձի խնդիր չկա»
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ