Մեր առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին. Արփինե Հովհաննիսյան
«Պետությունը չի կարող անընդհատ նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցել գործող ՔԿՀ-ներում գերբեռնվածությունը թեթևացնելու համար: Նոր ՔԿՀ-ները կառուցելը ծախսատար և ժամանակատար է, բացի այդ դա միակ ուղին չէ: Այս առումով այլընտրանքային մեխանիզմների զարգացումն անչափ կարևոր է: Շատ կարևոր է պրոբացիայի ինստիտուտը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, աշխարհի տարբեր երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ դատապարատյալների թվի նվազման, վերասոցիալականացման, հասարակություն վերաինտեգրման ամենակարևոր ուղիներից մեկը պրոբացիայի ինստիտուտի ներդրումն է:
«Ազատությունից զրկելը, պատժի կրումը չպետք է լինի ինքնանպատակ: Այս առումով մեր առաջնահերթություններից մեկը պրոբացիայի ծառայության ներդրումն է 2016-ին»,- նշեց նախարարը:
Ա.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» օրենքների նախագծերը պատրաստ են, դրանք այժմ քննարկման փուլում են, հնարավորություն կլինի առաջիկայում ներկայացնել կառավարություն, Ազգային ժողով: Ըստ նախարարի, բավականին ժամանակատար գործընթաց է, որոշակի դժվարություններ կան, բայց ինտենսիվ աշխատանքի շնորհիվ և արդյունքում կարող են փաստացի արձանագրել այդ ծառայության ներդրման ավարտը:
«Խնդիրները, բարդությունները կայանում են նրանում, որ պետք է հստակ արձանագրել, թե որ դեպքում ենք պրոբացիայի ծառայությունը կիրառելու, ինչ լիազորություններ է ունենալու պրոբացիայի ծառայությունը և այլն: Ներքին աշխատանքային, օրենքի մակարդակով քննարկվող հարցեր են: Պրոցեսը երկարում է օրենսդրության մշակման առումով, քաղաքականության առումով որևէ խնդիր չկա»,- նշեց Ա.Հովհաննիսյանը:
Նշենք, որ 2015 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձոր քաղաքում հիմնվել են պիլոտային ստորաբաժանումներ, որոնք ակտիվ աշխատանքներ են իրականացնում իրենց հսկողության ներքո գտնվող դատապարտյալների վերականգնման և վերաինտեգրման ուղղությամբ: Ծառայության լիարժեք ներդրման նպատակով իրականացվել են նաև Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի անձնակազմի վերապատրաստումներ: Միաժամանակ, սեմինարներ են կազմակերպվել դատավորների, դատախազների, փաստաբանների, քննիչների համար՝ պրոբացիայի և էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ, իսկ կոնկրետ պրոբացիոն ծառայության ներդրման թեմայով սեմինարներ են անցկացվել պիլոտային ծրագրերում ներգրավվելիք կամավորների և ԵՊՀ ուսանողների համար:
Հարակից հրապարակումներ`
- Պրոբացիայի ծառայության մասին օրենքը պաշտոնական շրջանառության մեջ կդրվի դեկտեմբերի սկզբին. փոխնախարար
- Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան
- Պրոբացիոն ծառայությունն այլընտրանք է բանտին. Դասընթաց լրագրողների համար (տեսանյութ)
- Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին
- Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
- Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
- Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
- Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
- Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
- Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)