Արցախի նախագահը զինծառայողների, ազատամարտիկների և մարզիկների է պարգևատրել
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժևորում և գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգևները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետևողականորեն բարձրացնելու համար:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:
Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: