Գյուղատնտեսական տարին բարեհաջող է եղել. Սերգո Կարապետյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց, որ գյուղատնտեսական այս տարին կարելի է համարել բարեհաջող: Նրա խոսքերով՝ կլիմայական պայմանները նույնպես այս տարի հաջող էին, ինչի արդյունքում հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 11,6 տոկոսի աճ:
Անդրադառնալով այս տարվա ձեռքբերումներին՝ Սերգո Կարապետյանն ասաց, որ հիմնական ձեռքբերումներից է համարում հողային ռեսուրսների օգտագործումը:
«Մեր առջև խնդիր ենք դրել՝ չմշակվող հողերի ծավալները նվազեցնել»,- ընդգծեց նախարարը:
Հացահատիկային մշակաբույսերի ավելացումը նույնպես տարվա ձեռքբերումներից է:
«Գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց ունենք՝ ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասպահության ոլորտում»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նախարարը խոսեց նաև կոոպերատիվներից՝ նշելով, որ վերջին չորս տարիների աշխատանքը ցույց տվեց, որ մեր երկրում կոոպերատիվները մեծ զարգացում ունեն, մարդկանց եկամուտներն ավելացել են, անասնագլխաքանակը ավելացել է և այլն:
«Կոոպերատիվների զարգացումը մեր երկրի համար հեռանկարային ծրագիր է և գյուղատնտեսության զարգացման համար ամենակարևոր խնդիրը: Հանրապետությունում արդեն ունենք կոոպերատիվների ստեղծման և արդյունավետ գործունեության փորձ, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ խրախուսելու է, որպեսզի նման կոոպերատիվները ավելանան և ընդլայնվեն»,- ընդգծեց Կարապետյանը:
Նախարարը շեշտեց, որ կոոպերատիվների զարգացումն ընթանում է կամավորության սկզբունքներով, այլ ոչ թե պարտադրողաբար: