Իրանը նավթային դեմպինգի է պատրաստվում
Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանումը` հասցնելով այն մինչև պատժամիջոցների ուժի մեջ մտելն առկա մակարդակին և հայտարարում է, որ պատրաստ է սահմանել զեղչեր նոր մատակարարումների համար: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ երեկ հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության նախարար Բիժան Նամդառ Զանգենեն:
Մասնագետները զգուշացնում են, որ սա կարող է շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ` ստիպելով նավթ արդյունահանող մյուս խոշոր երկրներին ևս նվազեցնել նավթի գները: Արդյունքում՝ այս ամենը լրացուցիչ ազդակ կհանդիսանա նավթի միջազգային շուկայում գների անկման համար:
Ներկա պահին, ըստ մասնագետների, նավթային շուկայում դիտվում է առաջարկի ավելցուկ, ինչը կազմում է օրեկան 2 մլն. բարրել: Հետևաբար նավթային շուկայում ավելի մեծ տեղ գրավելու համար արդյունահանող երկրները ստիպված են իրենց նավթն արտահանել ավելի ցածր գնով, ինչը և պատրաստվում է անել Իրանը: