Բորդյուժա. Պետք է կանխել Ղարաբաղյան հակամարտության հետագա թեժացումը
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա էսկալացիան: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Մեծ տագնապով ենք հետևում այսօր Կովկասում տեղի ունեցող դեպքերին, հատկապես` Ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես կոչված՝ շփման գծում կատարվող իրադարձություններին: Այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր»,- նշել է Բորդյուժան:
Վերջինիս խոսքով, պետք է օգտագործել պետությունների քաղաքական ռեսուրսները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիա թույլ չտալու համար, քանի որ այն վտանգավոր է ողջ Կովկասի համար:
«Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել՝ ոչ մի դեպքում թույլ չտալու իրավիճակի ապակայունացում, որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման: Իմ կարծիքով, պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և ոչ մի դեպքում ծանր զենքի կիրառմամբ»,- ասել է Բորդյուժան:
Ըստ նրա, պետք է օգտագործել քաղաքական մեթոդներ, երկրների ղեկավարների հեղինակությունը: Բորդյուժան նաև կոչ է արել ՀԱՊԿ անդամներին ջանքեր ներդնել իրավիճակի հանդարտեցման և գնդակոծությունների դադարեցման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան