Ռուբլին նավթի գնի անկման ֆոնին շարունակում է արժեզրկվել
Մոսկվայի ֆոնդային բորսայում առևտրի ընթացքում դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ գերազանցել է 72 ռուբլու շեմը: Եվրոյի փոխարժեքը գերազանցել է 79 ռուբլին:
BBC գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` ռուբլու փոխարժեքի անկումը շարունակվում է նավթի գնի նվազման հետևանքով: Փետրվար ամսի ֆյուչերսների գինը Լոնդոնի բորսայում առևտրի մեկնարկից հետո ընկել է 2%-ով, և Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը ներկայումս կազմում է 37,10 դոլար:
Ավելի վաղ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ կառավարության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ենթադրել է, որ նավթի գինը կարող է նվազել մինչև 20-25 դոլարի սահմանները:
«Իհարկե կարող է նվազել: Սակայն չի նշանակում, որ կհասնի դրան: Բայց դա չի կարող տևել շատ երկար ժամանակ», - ասել է պաշտոնյան:
Նրա կարծիքով` ռուբլու ընթացիկ փոխարժեքը շատ նպաստավոր է ռուսական արդյունաբերության համար, որը նման պայմաններում «ի վիճակի է արդյունավետորեն զարգանալ»: