Կինոյի միջազգային օրն է
Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է: 1985 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը:
Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակներում:
Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:
«Կինոաշխարհ» կայքը գրում է, որ առաջին կինոցուցադրությունը Հայաստանում` Երևանում, կայացել է 1899 թ.: Եվ այստեղ էլ շարժվող նկարները նույնպիսի խուճապ են առաջացրել, ինչ աշխարհի տարբեր վայրերում: Իսկ հայկական կինոյի օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» և ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը:
Այս օրերին տարբեր ճանաչողական միջոցառումներ են կազմակերպվում կինոաշխարհում, մասնավորապես` հատուկ ծրագրեր կինոթատրոններում, ցուցահանդեսներ կինոյի թանգարաններում և զբոսանքներ խոշոր կինոստուդիաներում:
«Մենք, ցավոք, թանգարան չունենք և կորցրել ենք երբեմնի կինոթատրոններն ու «Հայֆիլմը», մեր կինոյի իրեղեն պատմությունը մնացել է փակ դռների հետևում: Սակայն չենք կորցրել հույսը, որ առաջինը ստեղծելու ենք, կինոթատրոններն ու կինոստուդիան` վերականգնելու: Ուրեմն հուսանք, որ Կինոյի միջազգայի օրը հետագա տարիներին մեզ մոտ էլ կնշանավորվի հետաքրքիր միջոցառումներով, ինչպես ամբողջ աշխարհում»,- կարդում ենք «Կինոաշխարհ»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում