Ունենք 700 աշխատող, 2016-ին այս թիվը հասնելու է 1200-ի. Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» բժշկական կենտրոնը մատուցելու է այնպիսի բուժօգնություն, որը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին այլևս որոշ հիվանդությունների դեպքում բուժօգնություն ստանալու համար չմեկնել արտերկիր: Լրագրողների հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ հիմնանորոգված և վերազինված բժշկական կենտրոնի բացումը, որը «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է: Բժշկական կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 35 մլն դոլար, որից 30 մլնը ներդրվել է 5 հարկանի նոր մասնաշենքի կառուցման և 11 հարկանի հին մասնաշենքի հիմնանորգման և վերազինման համար:
Կենտրոնի մահճակալների քանակը 130 է. մատուցվում են սրտաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական ծառայություններ: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ծավալում մեծ տեսակարար կշիռ են կազմում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունները:
Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով, հիվանդանոցը հագեցած է նորագույն սարքավորումներով, ամբողջովին արդիականացվել են վիրաբուժական, սրտային վերաբուժության ծառայությունը, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, ախտորոշիչ ծառայությունը:
«Այս պահին ունենք 700 աշխատող, 2016-ին այս թիվը հասնելու է 1200-ի: Կենտրոնում գործում է 22 ծառայություն, հաջորդ տարի այդ թիվը կավելանա 5-ով, այսինքն՝ ևս 5 նոր ծառայություն կբացվի: Ունենք լավ մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են արտերկրում»,-նշեց կենտոնի տնօրենը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2015-ին կյանքի են կոչվել հատուկ առողջապահական նոր ծրագրեր, կառուցվել են հիվանդանոցներ հանրապետության մարզերում և Երևանը չէր կարող անմասն մնալ:
Խոսելով կոնկրետ «Աստղիկ» բժշկական կենտոնի մասին, նախարարը նշեց, որ այն հնարավորություն է ընձեռում զարգացնել բժշկագիտությունը, հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը հստակ հնարավորություն է հիվանդությունները ախտորոշելու համար: