Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Անթալիայի ռուսների գալիք նոր տարին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Անթալիայի «Ռուսական արվեստի ու մշակույթի միություն» և շնորհավորել այդ նահանգում ապրող ռուսների գալիք նոր տարին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Միության անդամների հետ զրույցում նախարարը վստահեցրել է, թե նախագահ Էրդողանի և թե իր կողմից մեծ ջանքեր են գործադրվում ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած երկկողմ հարաբերությունների լարվածությունը հաղթահարելու համար:
Ըստ «Anadolu» լրատվական գործակալության՝ Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիայի համար հատկապես առևտրի տեսանկյունից Ռուսաստանը գործընկերային մեծ կարևորություն ունի: Ռուս և թուրք ժողովուրդների հարաբերությունը նա բնութագրել է իբրև եղբայրական և բարեկամական:
«Ժողովուրդների միջև ձևավորված կապը ոչ ոք ի զորու չէ կտրել: Ոչ քաղաքական ուժը կբավականացնի դրան, ոչ էլ մեկ այլ ուժ: Մի փոքր էլ համբերություն դրսևորենք և ամեն ինչ լավ կլինի»,- հույս է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը: