Արևելյան Ատրպատականի նահանգապետ. Իրանահայերի հետ մեր կապը մշտապես եղել է եղբայրական և բարեկամական
«Իրանահայերի հետ մեր կապը մշտապես եղել է եղբայրական և բարեկամական»,-այդ մասին ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեն:
Արևելյան Ատրպատականի նահանգապետը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանահայերը մեր լավագույն քաղաքացիներից են, մեր քրիստոնյա հայրենակիցների հետ մեր ունեցած կապը մշտապես եղել է բարեկամական ու եղբայրական: Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք այդ սիրելի մարդկանց»:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն էլ իր հերթին նշել է. «Բարեբախտաբար Թավրիզում մեր մուսուլման քույրերն ու եղբայրները մեզ օտար աչքով չեն նայում»:
Արևելյան Ատրապատականի նահանգապետը, ողջունելով Թավրիզում հայերի թանգարան հիմնելու Տ. Գրիգոր Չիֆթճյանի առաջարկը, հավելել է. «Թավրիզը, ընտրվելով որպես օրինակելի զբոսաշրջության քաղաք, հայերի թանգարանի, ինչպես նաև այլ թանգարանների հիմնումը զբոսաշրջիկներին գրավելու հարցում նշանակալի ազդեցություն կունենա»: